Հ.Թումանյան. Կանաչ ախպեր

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Հովհաննես Թումանյան. Մարտ

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Հ. Թումանյան ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,

Գընաց տատի մոտ
Ինձ վըրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զվարթ
Ու փոխարեն ձեր լավության՝
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կմաքրենք մենք թրթուրներից,
Ճիճուներից ու որդերից,
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

 

Դեկտեմբերին ուսուցանվող բանաստեղծություններ

«Առաջին ձյունը »

-Վա՛յ, մայրիկ ջան, տե՛ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

 

Ա. Խնկոյան «Ձմեռ  պապի »

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։